Ինչ է SEO-ն

Ի՞նչ է նշանակում SEO

SEO-ն նշանակում է «որոնողական համակարգի օպտիմալացում»: Search Engine Optimization-ը (SEO) մի շարք գործընթացների ամբողջություն է, որն ընդլայնում է վեբ կայքի տեսանելիությունը որոնողական համակարգերում, ինչպիսիք են Google-ը, Bing-ը, Yahoo-ն և այլ որոնողական համակարգեր՝ ավելի շատ օրգանական տրաֆիկ ստանալու նպատակով: Այն ներառում է վեբկայքում տարբեր տարրերի օպտիմիզացում՝ որոշակի հիմնաբառերի համար օրգանական (չվճարվող) որոնման արդյունքներում ավելի բարձր դիրք գրավելու համար:

Ավելի պարզ ասած, SEO-ն ռազմավարական գործընթաց է, որն ուղղված է նրան, որպեսզի ավելի հավանական լինի Ձեր կայքը որոնման արդյունքներում երևալը, երբ մարդիկ փնտրում են՝

  • Այն ապրանքները, որոնք Դուք վաճառում եք
  • Այն ծառայությունները, որոնք Ձեր կողմից առաջարկվում են
  • Տեղեկություններ՝ կապված թեմաների հետ, որոնցում Դուք մասնագիտացած եք:

Օրինակ՝

Ենթադրենք` Դուք ունեք թխվածքի արտադրամաս Երևանում և ցանկանում եք գրավել ավելի շատ հաճախորդներ, ովքեր փնտրում են «լավագույն թխվածքները Երևանում»: Այսպիսով՝ SEO տեխնիկաների ներդրումը կարող է օգնել Ձեր թխվածքեղենի վեբկայքին որոնման արդյունքներում ավելի բարձր դիրքում երևալ, երբ ինչ-որ մեկը որոնում է այդ արտահայտությունը:

Ինչպե՞ս է SEO-ն Տարբերվում SEM-ից և PPC-ից

Երբ խոսքը վերաբերում է առցանց մարքեթինգին, Դուք հաճախ կհանդիպեք երեք կարևոր տերմինների՝ SEO, SEM և PPC:

SEO-ն ընդդեմ SEM

SEO-ն որոնողական համակարգերից անվճար տրաֆիկ ստանալու գործընթացն է՝ բարելավելով կայքի տեսանելիությունը որոնման արդյունքներում որոշակի ապրանքների կամ թեմաների համար: Այն ներառում է քոնթենթի, բանալի բառերի և վեբ կայքի կառուցվածքի օպտիմիզացում՝ ոչ վճարովի որոնման արդյունքներում ավելի բարձր դիրքում երևալու համար:

SEM-ը (Search Engine Marketing), ներառում է ինչպես SEO-ն, այնպես էլ վճարովի գովազդային ռազմավարությունները, ինչպիսին է Pay-Per-Click-ը (PPC): Այն, ինչպես վճարովի, այնպես էլ անվճար մեթոդներով թրաֆիկի ներգրավմանն ուղղված համատեղ գործընթաց է:

Այսպիսով, տեխնիկապես, SEO-ն պարզապես SEM-ի մեկ կեսն է: Պատկերացրեք SEM-ը որպես մետաղադրամ. SEO-ն մի կողմն է, իսկ PPC-ն՝ մյուսը: Նրանք միասին աշխատում են SEM-ի շրջանակներում՝ բարելավելու վեբ կայքի ընդհանուր տեսանելիությունը:

SEO-ն ընդդեմ PPC-ի. Օրգանական Արդյունքներն ընդդեմ Վճարովի Արդյունքների

Երբ օնլայն ինչ-որ բան եք որոնում, օրինակ՝ «լավագույն պիցցան Երևանում», Դուք էջում տեսնում եք մի շարք արդյունքներ: Այդ արդյունքները բաժանված են երկու հիմնական տեսակների՝ վճարովի և օրգանական:

  • Վճարովի արդյունքներ (PPC կամ վճարում ամեն սեղմման համար). Դրանք գովազդներն են, որոնք տեսնում եք էջի վերևում կամ ներքևում: Այդտեղ հայտնվելու համար կազմակերպությունները վճարում են ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը սեղմում է նրանց գովազդի վրա: Այն կոչվում է վճարում ամեն սեղմման համար (pay-per-click) կամ PPC: Դա կարծես ուշադրություն գրավելու արագ միջոց է, բայց Դուք պետք է վճարեք յուրաքանչյուր քլիքի համար:
  • Օրգանական արդյունքներ (SEO). Դրանք գովազդի տակ երևացող մյուս արդյունքներն են: Այստեղ հայտնվելու համար կայքերը երկար ժամանակ մանրակրկիտ աշխատանքներ են տանում՝ կիրառելով SEO-ի տարբեր ռազմավարություններ, ինչպիսիք են քոնթենթի և հիմնաբառերի օպտիմալացումը, և այլ կերպ վեբկայքերը բարելավելը, որպեսզի որոնման համակարգերը, ինչպիսին է օրինակ Google-ը, դրանք ցույց տան ավելի շատ մարդկանց:
SEO-ի և PPC-ի տարբերությունը

Դուք կարող եք մտածել. «Ինչու՞ պարզապես չվճարել գովազդային մասում երևալու համար: Այդպես ավելի հեշտ չի՞ լինի»: Դե, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Բանը նրանում է, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց մեծամասնությունը պարզապես անտեսում է այդ գովազդները և ավելի շատ սեղմում է օրգանական արդյունքների վրա: Մարդիկ դրանց ավելի են վստահում։ Այսպիսով, թեև SEO-ն ավելի շատ ժամանակ, ջանք և երբեմն ռեսուրսներ է պահանջում, բայց այդ աշխատանքը և ժամանակն արժեն արդյունքներին, քանի որ SEO-ն օգնում է Ձեզ նկատելի դառնալ որոնման արդյունքներում՝ առանց ստիպված լինելու վճարել յուրաքանչյուր սեղմման (քլիքի) համար :

SEO-ն ենթադրում է նախնական ժամանակատար աշխատանք, բայց առաջարկում է կայուն և երկարատև արդյունքներ: Երբ վեբկայքը լավ տեղ է զբաղեցնում որոշակի հիմնաբառերի համար, այն կարող է պարբերաբար նոր տրաֆիկ ներգրավել առանց շարունակական ծախսերի: PPC-ի պարագայում լրիվ հակառակն է: Այս դեպքում տեսանելիությունը դադարում է այն պահին, երբ Դուք դադարեցնում եք գովազդային արշավը:

Ըստ էության, SEO-ն և PPC-ն ծառայում են տարբեր նպատակների: SEO-ն կայուն, երկարաժամկետ օրգանական տրաֆիկ ստանալու նպատակ է հետապնդում, մինչդեռ PPC-ն ապահովում է անմիջական տեսանելիություն, բայց շարունակական ծախսերով:

Համատեղելով օրգանական SEO-ի ջանքերը և թիրախային PPC արշավները՝ բիզնեսները կարող են իրենց առցանց ներկայությունը որոնման համակարգերում հասցնել առավելագույնի: Սա նրանց նաև կարող է օգնել ներգրավել տարբեր լսարաններ, ինչի շնորհիվ էլ կարող են հասնել ավելի լավ մարքեթինգային արդյունքների:

Ինչու՞ է SEO- ն Կարևոր Ձեր Բիզնեսի Համար

Երբ ուզում եք ինչ-որ բան գտնել օնլայն, լինի դա նոր բաղադրատոմս, որևիցե վայր կամ էլ ապրանք, որ ցանկանում եք գնել, ո՞րն է առաջին բանը, որ անում եք: Դուք փնտրում եք այն, այնպես չէ՞:

Ամեն օր Google-ում կատարվում են միլիարդավոր որոնումներ: Ահա թե ինչպես է մարդկանց մեծ մասը գտնում այն, ինչ փնտրում է: Զարմանալի չէ, որ որոնման համակարգերը վեբ կայքերի տրաֆիկի ամենամեծ աղբյուրներից են:

Տրաֆիկի այս աղբյուրն առավելագույնս օգտագործելու համար Դուք պետք է լինեք որոնման լավագույն արդյունքների մեջ այն բառերի համար, որոնք մարդիկ օգտագործում են առցանց որոնում կատարելու համար:

Ահա թե որտեղ է SEO-ն օգնության գալիս:

SEO-ն կամ որոնման համակարգի օպտիմալացումը նման է գաղտնի գործիքի, որն օգնում է Ձեր վեբ կայքին ավելի բարձր տեղում երևալ այդ որոնման արդյունքներում: Դա իսկապես շատ պարզ է. որքան բարձր դիրքում եք հայտնվում, այնքան ավելի շատ մարդիկ են սեղմում Ձեր կայքի վրա:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե Ձեր կայքը զբաղեցնում է առաջին տեղը, ապա այն 10 անգամ ավելի հավանական է, որ քլիքեր ստանա, քան այն դեպքում, եթե այն զբաղեցնում է 10-րդ տեղը: Եվ լավագույն 3 արդյունքները ստանում են բոլոր սեղմումների կեսից ավելին:

Ինչու՞ է SEO- ն Կարևոր Ձեր Բիզնեսի Համար

Իսկ ինչո՞ւ է սա այդքան կարևոր: Բանն այն է, որ որքան շատ մարդիկ այցելեն Ձեր կայք, այնքան ավելի շատ պոտենցիալ հաճախորդներ կունենաք: Դա նաև նշանակում է ավելի շատ մարդիկ կճանաչեն Ձեր ապրանքանիշը, Ձեր արտադրանքը և թե ինչ եք առաջարկում:

Այլ կերպ ասած, SEO-ն անտեսելը նման է այն բանին, որ Ձեր խանութը թողնեք թաքնված մի հեռավոր վայրում, մինչդեռ Ձեր մրցակիցները փայլեն քաղաքի աշխույժ գլխավոր փողոցներում: Դա այդքան կարևոր է:

Տեսեք, երբ վճարովի գովազդ եք ցուցադրում, թրաֆիկը դադարում է, երբ գովազդն ավարտվում է: Սոցիալական ցանցերը կարող են մի փոքր անկանխատեսելի լինել այցելուներ ներգրավելու համար: Բայց SEO-ի դեպքում, դա լրիվ տարբեր է: Դա, կարծես, Ձեր վեբկայքը գտնող մարդկանց կայուն հոսք է, տրաֆիկի այնպիսի տեսակ, որն օգնում է Ձեզ հասնել մեծ բիզնես նպատակների, ինչպիսիք են վաճառքներ ունենալը և հավատարիմ հաճախորդներ ձեռք բերելը:

Բացի այդ, երբ Ձեր կայքը լավ դիրք է զբաղեցնում, դա նման է Google-ից ոսկե աստղ վաստակելուն: Այն ցույց է տալիս, որ Դուք վստահելի եք և ունեք հեղինակություն, ինչը Google-ը շատ է սիրում և պարգևատրում է Ձեր կայքին՝ այն էլ ավելի լավ դիրքեր բարձրացնելով:

Մի խոսքով, SEO-ն պարզապես հերթական մարքեթինգային հնարք չէ: Սա էապես կարևոր գործիք է, որը բերում է նպատակային տրաֆիկ, ձևավորում վստահություն և օգնում Ձեզ առանձնանալ օնլայն աշխարհում: Ավելին, հեղինակավոր SEO ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրությունն ապահովում է կայուն օրգանական աճի ռազմավարական պլանավորում:

SEO-ի Տեսակները

Գոյություն ունեն SEO-ի երեք հիմնական տեսակներ՝ Տեխնիկական SEO, Ներքին (On-Page) SEO և Արտաքին (Off-Page) SEO:

1. Տեխնիկական SEO

Տեխնիկական SEO-ն պրակտիկաների մի շարք է՝ ուղղված վեբկայքն ավելի հասանելի և հարմարավետ դարձնելու ինչպես որոնման համակարգերի, այնպես էլ կայքի այցելուների համար: Տեխնիկական SEO-ն կարծես կուլիսային աշխատանք լինի, որն ապահովում է Ձեր վեբ կայքի սահուն գործունեությունը:

Այս տեսակի SEO-ն ամբողջովին հիմնված է տեխնիկական գործոնների վրա՝ ապահովելով, կայքի այնպիսի կառուցվածք, որ որոնման համակարգերը հեշտությամբ կարողանան այն գտնել, ինչպես նաև կարդալ և հասկանալ կայքում եղած ամեն ինչ: Սա ներառում է այնպիսի բաներ, ինչպիսիք են կայքի բեռնման արագությունը, մոբայլ հարմարավետությունը, նավիգացիան, ներքին լինքերը և այլն:

Մյուս կողմից, դանդաղ բեռնվող էջերը, չբացվող նկարները կամ ոչ պարզ նավիգացիան, վնասում են օգտագործողի փորձը (user experience) և համարվում են «վատ կատարված Տեխնիկական SEO»:

2. Ներքին SEO

Ներքին SEO-ն վեբ էջերի բոլոր տարրերը SEO-ի համար օպտիմալացնելու պրակտիկան է: Այն SEO-ի կենսական մասն է, քանի որ այն պատմում է Google-ին Ձեր կայքի մասին և այն մասին, թե որքանով օգտակար և համապատասխան տեղեկատվություն է այն տրամադրում հաճախորդներին և այցելուներին:

Ներքին SEO-ն կենտրոնանում է կայքի քոնթենթի վրա: Որոնման համակարգերում դիրքեր զբաղեցնելու և տրաֆիկ ձեռք բերելու համար, կայքը պետք է ունենա քոնթենթ, որը կարելի է հեշտությամբ գտնել և հասկանալ:

Բացի այդ, քոնթենթը պետք է լինի օգտակար, բարձրակարգ և այն, ինչ փնտրում է Ձեր լսարանը: Սա նշանակում է լուսաբանել այն թեմաները, որոնցում Դուք իրապես մասնագիտացած եք, օգտագործել հիմնաբառեր, որոնք մարդիկ կօգտագործեն Ձեզ գտնելու համար, համոզվել, որ դրանք օրիգինալ են, ինֆորմատիվ և արդիական, զերծ քերականական սխալներից և ներառել մուլտիմեդիա (օրինակ՝ նկարներ, տեսանյութեր):

Ձեր քոնթենթը պետք է օպտիմիզացված լինի միաժամանակ թե՛ մարդկանց, և թե՛ որոնման համակարգերի համար:

3. Արտաքին SEO

Արտաքին SEO-ն դա կարծես Ձեր կայքի հեղինակությունը լինի ինտերնետում. դա այն է, թե ինչ ասում են ուրիշները Ձեր մասին, այլ ոչ թե այն, ինչ Դուք եք ասում Ձեր մասին: Արտաքին SEO-ն այն բոլոր գործողություններն են, որոնք կատարվում են Ձեր կայքից դուրս և կարող են ազդել որոնման համակարգերում Ձեր վարկանիշի վրա:

Արտաքին SEO-ի կարևոր մասն այն է, որ այլ վստահելի կայքերը հղումներ անեն Ձեր կայքին: Դա նման է նրան, որ ունենաք ընկերներ, ովքեր Ձեր կայքը խորհուրդ են տալիս ուրիշներին: Որոնման համակարգերը, հատկապես Google-ը, տեսնում են այդ հղումները որպես վստահության քվեներ Ձեր կայքի համար: Բայց, արտաքին SEO-ն միայն հղումներ (backlinks) ստանալ չէ: Այն նաև Ձեր ապրանքանիշի կառուցումն է, արժեքավոր քոնթենթ ստեղծելը, սոցիալական ցանցերում ակտիվ լինելը և դրական կարծիքներ ստանալը (reviews):

Արտաքին SEO-ի ամբողջ իմաստն այն է, որ որոնման համակարգերը և մարդիկ ընկալեն Ձեր կայքը որպես հուսալի և հեղինակավոր աղբյուր:

Այլ կերպ ասած, արտաքին SEO-ն ուղղված է նրան, որ ուրիշները լավ խոսեն Ձեր կայքի մասին առցանց հարթակներում, որ Ձեր կայքի հեղինակությունը բարձրանա, և այն դառնա ավելի վստահելի որոնման համակարգերի համար:

Ինչպե՞ս է Աշխատում SEO-ն

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է Google-ը որոշում, թե որ էջերն առաջինը պետք է ցուցադրվեն, երբ որևէ բան եք որոնում: Դա կախարդանք չէ, և Google-ը պատահականորեն չի ընտրում այդ էջերը: Այն օգտագործում է բարդ համակարգեր, որոնք կոչվում են ալգորիթմներ: Այս ալգորիթմները նման են գերխելացի բոտերի, որոնք շատ բաներ են դիտարկում՝ հասկանալու համար, թե որ էջերն են առավել համապատասխան և օգտակար Ձեր որոնման համար:

Երբ Google-ը փնտրում է էջեր, այն կատարում է չորս հիմնական քայլեր.

  • Քրոլինգ. սա ինտերնետում տեղեկատվություն փնտրելն է: Google-ն օգտագործում է բազմաթիվ վեբ քրոլերներ (ինտերնետ բոտեր)՝ համացանցը սկանավորելու, թարմացված ինֆորմացիա գտնելու համար։ Որոնման համակարգերն օգտագործում են «քրոլերներ»՝ նոր էջեր բացահայտելու համար՝ հետևելով կայքերին տանող հղումներին և օգտագործելով կայքերի քարտեզները (sitemaps):
  • Ռենդերինգ. սա այն գործընթացն է, երբ էջը հայտնաբերելուց հետո, Googlebot-ը գործարկում է Ձեր կոդը, նայում և գնահատում է, թե ինչպես է այն կառուցված: Այն ստուգում է HTML-ը, JavaScript-ը և CSS-ը՝ հասկանալու համար, թե ինչպես է էջը երևալու այցելուներին:
  • Ինդեքսավորում. սա այն գործընթացն է, երբ Google-ի քրոլերները դասակարգում են գտնված տեղեկատվությունը և ավելացնում վեբ էջերը Google-ի տվյալների բազայում:
  • Ռենքավորում. Google-ի ալգորիթմները նայում են իրենց հավաքած ողջ տեղեկատվությանը և որոշում, թե որ էջերն են առավել օգտակար ցույց տալու համար, երբ մարդիկ մուտք են անում որոշակի որոնման հարցում: Կան ավելի քան 250 գործոններ, որոնք Google-ը գնահատում է՝ որոշելու, թե որ էջերն առաջինը ցուցադրի: Այդպիսի գործոններից են օրինակ էջում օգտագործված հիմնաբառերը, քանի այլ վեբկայքեր են հղում անում կայքին կամ որքան արագ է բեռնվում էջը և այլն:

Այսպիսով, որոնման համակարգերն օգտագործում են բարդ ալգորիթմներ վեբ էջերը սքանավորելու և ինդեքսավորելու համար՝ հաշվի առնելով տարբեր գործոններ՝ որոնման արդյունքներում դիրքերը որոշելու համար: SEO-ն աշխատում է համապատասխանեցնել կայքը այդ ալգորիթմների հետ օպտիմալացման տեխնիկաների միջոցով՝ դարձնելով այն ավելի ռելեվանտ, հեղինակավոր և հարմարավետ օգտագործողի համար:

Որքա՞ն Ժամանակ Հետո է SEO-ն Սկսում Գործել

Որքա՞ն Ժամանակ է Պետք, որ SEO-ն Գործի

Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի SEO-ն սկսի արդյունքներ ցույց տալ:

Հարցին պատասխանելը մի քիչ բարդ է: Միայն Google-ը գիտի, թե ինչպես են աշխատում իր ալգորիթմները:

Իրականում SEO-ն չունի ֆիքսված ժամանակացույց: Այն կարող է տևել մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի ամիս, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ստրատեգիաներ եք օգտագործում:

Այստեղ մրցակցությունը բավականին ուժեղ է. Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մաս Ձեզանից մի փոքր ավելի լավ է անում, նա կարող է առաջ շարժվել որոնման արդյունքներում, և Ձեր դիրքերն էլ կարող են իջնել:

Բացի այդ, SEO-ի տենդենցիաները անընդհատ փոխվում են, և այն, ինչ այժմ աշխատում է, կարող է չաշխատել մի քանի ամսից:

Այսպիսով, ո՞րն է իրական ժամանակացույցը:

Ձեր SEO-ի ռենքերում զգալի փոփոխություններ տեսնելը մեկ գիշերվա ընթացքում չի լինում: Սա, այսպես ասած, ճանապարհորդություն է, որը տարբեր է յուրաքանչյուր կայքի համար: Գործոնները, ինչպիսիք են, թե որքան հին է Ձեր կայքը, որքան ուժեղ է մրցակցությունը ոլորտում, Ձեր քոնթենթի որակը և օգտագործած ստրատեգիաները, բոլորն էլ մեծ դեր են խաղում:

Սովորաբար, կարող է մինչև մեկ տարի ժամանակ պահանջվել, մինչև որ Դուք տեսնեք էական բարելավումներ Ձեր կայքի որոնման արդյունքներում ունեցած դիրքերում: Հետևողական աշխատանքն այստեղ իրոք կարևոր է. Ձեր SEO ռազմավարությունների կանոնավոր թարմացումը և կատարելագործումը կարևոր է երկարաժամկետ հաջողության համար:

Եզրափակում

SEO-ն շատ կարևոր է, քանի որ այն օգնում է բիզնեսներին մեծացնել իրենց օնլյան տեսանելիությունը, ներգրավել նպատակային տրաֆիկ և ստեղծել վստահելիություն: Որոնման արդյունքներում ավելի բարձր դիրքերը նշանակում է, որ ավելի շատ պոտենցիալ հաճախորդներ կարող են գտնել Ձեր կայքը, ինչն էլ կհանգեցնի Ձեր ապրանքանիշի ճանաչողության և կոնվերսիայի աճին:

Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ SEO-ն մեկանգամյա լուծում չէ: Դա չվերջացող ճանապարհորդություն է: Որոնման համակարգերը, օգտագործողների վարքագիծը և նույնիսկ Ձեր մրցակիցները շարունակ փոխվում են: Հետևաբար, շատ կարևոր է պարբերաբար բարելավել մոտեցումները և դրանք դարձնել ավելի արդյունավետ:

Այո, SEO-ի յուրաքանչյուր մասնագետ երազում է գտնել այն կախարդական բանաձևը, որն իր կայքը կհասցնի որոնման արդյունքների ամենավերևին: Բայց իրականում SEO-ն այդպես չի աշխատում: Իհարկե, կան կանոններ և լավագույն պրակտիկաներ, բայց SEO-ի էությունը կայանում է նրանում, որպեսզի կարողանաս պարզել, թե ինչն է աշխատում տվյալ կայքի համար, և այնուհետև փոխես այդ ստրատեգիան, երբ այն դադարում է աշխատել: Կարևորն ադապտացվելն է և ռազմավարությունները հետևողականորեն կարգավորելը՝ այս թվային խաղի մեջ առջևում մնալու համար: